Գերմանացի քաղաքական գործիչները կոչ են անում կառավարությանը չկրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միխայել Ռոթը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել չկրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
«Գերմանական կառավարության կողմից Ուկրաինային ուղղված ճակատագրական ազդանշան կլինի, եթե հաջորդ դաշնային բյուջեն գումար չներառի նոր ռազմական օգնության համար»,- ասել է Ռոթը Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում։
Ռոթը նշել է, որ ուկրաինական բանակը «վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ կրկին հարձակման է անցել, և այժմ երկիրը լիակատար աջակցության կարիք ունի Եվրոպայում իր ամենակարևոր ռազմական դաշնակցի՝ Գերմանիայի կողմից»: Նա անբավարար է համարել նաև G7 երկրների կողմից Կիևին խոստացված 50 միլիարդ դոլարը։
Գերմանացի այլ քաղաքական գործիչներ նույնպես քննադատել են Ուկրաինային լրացուցիչ օգնության դադարեցումը։ Ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) արտաքին քաղաքականության փորձագետ Նորբերտ Ռոտգենը մեղադրել է իշխող կոալիցիային «Դոնալդ Թրամփի ոճով քաղաքականություն վարելու և Ուկրաինային հետագա օգնությունը ներքաղաքական վեճերի ֆոնին դադարեցնելու մեջ»։