Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությունը և տարբեր ուղղություններով գործընկերության խորացման հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի կարևոր տարանցիկ դերին և Միջին միջանցքի զարգացմանը նպաստելու համատեղ ջանքերի կարևորությանը։
«Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները և ընդգծել այդ մարտահրավերները հաղթահարելու համար համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Հանդիպման ավարտին Վրաստանի ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի Հանրապետության նախագահին հյուրընկալության համար։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հյուրընկալել է Գեկա Գելաձեին «Ակ Օրդա» նստավայրում։
«Վրաստանի ներքին գործերի նախարարը Ղազախստանի Հանրապետություն է այցելում իր գործընկերոջ՝ Ղազախստանի ներքին գործերի նախարար Երժան Սադենովի հրավերով», – ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։