Գազայի կենտրոնում իսրայելական բանակի հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտնում են ԶԼՄ-ները
Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Զավադիա շրջանում իսրայելական բանակի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։
Տեղացիների խոսքով՝ ռմբակոծվել է պահեստի տարածքը, որտեղ բնակվում էին տեղահանված պաղեստինցիները։ Ըստ առկա տեղեկությունների՝ զոհերի թվում կա վեց երեխա։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
«Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմական ավիացիայի կողմից Նուսեյրաթ տեղահանվածների ճամբարի ռմբակոծության հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ Մահացածների թվում կան նաև երեխաներ։
Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ անցած օրվա ընթացքում արաբական անկլավում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գազայի հատվածում ռմբակոծվել է ավելի քան 40 թիրախ, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումների կողմից օգտագործվող շենքեր և զենքի պահեստներ։