Գարդիան. ԱՄՆ-ը սպառնում է ԵՄ-ին 17% մաքսային տուրքերով սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների վրա

13:22, 05.07.2025

ԱՄՆ-ը սպառնացել է Եվրամիությանը սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի վրա 17% մաքսային տուրքեր սահմանելով։ Այս մասին հայտնում է «Գարդիանը»։

Բրիտանական պարբերականի տվյալներով՝ այդ մասին արդեն տեղյակ են արել ԵՄ անդամ երկրների դեսպաններին Եվրոպական հանձնաժողովի կողմից։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ մաքսային տուրքերն ընդգրկում են ամեն ինչ՝ բելգիական շոկոլադից մինչև իտալական ձիթապտղի յուղ։

Ինչպես նշվում է հոդվածում, եթե Վաշինգտոնը կատարի այս քայլը, դա լուրջ հարված կհասցնի եվրոպացի արտադրողներին։

Իր հերթին Եվրոպական հանձնաժողովը դեռևս հրապարակայնորեն հայտարարում է, որ ԵՄ-ը լավատեսորեն է գնահատում ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնության կնքման հնարավորությունը։

Հայտնի է, որ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես դադարեցրել է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքի կիրառումը, սակայն այդ որոշման գործողության ժամկետը լրանում է հուլիսի 9-ին։ Սա նշանակում է, որ մաքսային տուրքերն ուժի մեջ կմտնեն, եթե կողմերը այդ ամսաթվից առաջ համաձայնության չգան։

Նմանատիպ