Գարդիան»․ ԱՄՆ-ը առաջարկում է Իրանին, որ հարստացված ուրանը փոխանցի երրորդ երկրի, որոնց շարքում նշվում է Ռուսաստանը

20:52, 15.04.2025

«Գարդիանի» տվյալներով՝ ԱՄՆ-ը Իրանին առաջարկում է հարստացված ուրանը փոխանցել երրորդ երկրին։ Այդ երկրների շարքում նշվում է Ռուսաստանը։ Ինչպես գրում է «Գարդիանը», այս առաջարկով ԱՄՆ-ն հանդես է եկել ապրիլի 12-ին Օմանում անցկացված բանակցությունների ժամանակ։ Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, Թեհրանը դեմ է այդ առաջարկին։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն չի անի։ Այս մասին հայտարարություն չեն արել նաև ԱՄՆ-ում։ Հայտնի է, որ այս շաբաթ Իրանի արտգործնախարարը պատրաստվում է այցելել Ռուսաստան։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում հարստացված ուրանը, որը կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար, հանդիսանում է հիմնական վիճահարույց հարցերից մեկը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները։ Այսօր այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն է արել Իրանի հոգևոր առաջնորդը։ Այաթոլա Ալի Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում ինքը ոչ ամբողջությամբ լավատես է, ոչ էլ՝ հոռետես։ Նա հաստատել է, որ տվել է այդ բանակցությունները անցկացնելու համաձայնությունը, սակայն ԱՄՆ-ի նկատմամբ իր վերաբերմունքը շարունակում է մնալ բացասական։

Նախքան սա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։

Նմանատիպ