Ֆրանսիայում բանտերի վրա հարձակումների գործով 20 կասկածյալ է ձերբակալվել
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսիայում մոտ 20 մարդ է ձերբակալվել բանտերի և դրանց աշխատակիցների վրա հարձակումների կասկածանքով։ Հատուկ գործողությունը իրականացվել է Փարիզում, Մարսելում, Բորդոյում և Լիոնում։
Իրավապահները հետաքննում են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողների, մասնավորապես՝ Մարսելի մաֆիայի հնարավոր ներգրավվածությունը այս հարձակումներին։
Մի քանիսը խոսում են նոր երևույթի՝ «նարկոտեռորիզմի» մասին, որի նպատակը վախեցնելն ու անկայունացնելն է։
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին կասկածյալներին ձերբակալելու համար։
«Օրենքը և Ֆրանսիայի Հանրապետությունը մնում են անսասան և անզիջում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում», – գրել է Դարմանինը սոցիալական ցանցերում։
Տեղեկության համար, ապրիլի 15-ին լրատվամիջոցները հաղորդեցին ֆրանսիական բանտերի վրա մի շարք հարձակումների և մի քանի քաղաքներում բանտերի աշխատակիցներին պատկանող մեքենաների ոչնչացման մասին։ Այդ ժամանակվանից ի վեր նմանատիպ միջադեպեր բազմիցս տեղի են ունեցել։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն հայտարարել է, որ հարձակումների ալիքի հետևում կանգնած են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է պատժել հարձակումների կազմակերպիչներին։