Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են եվրոպական անվտանգությունը
Փարիզում կայացել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը։
Հինգ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները քննարկել են եվրոպական անվտանգության հարցը։
Հանդիպումից հետո Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է Ուկրաինային աջակցության ձևաչափի շուրջ կոնսենսուսի մասին։
«Ուկրաինայի անվտանգության առաջին երաշխիքն ակնհայտորեն հենց ուկրաինական բանակն է։ Առաջանում է ապառազմականացում բառը, բայց դա այդպես չէ։ Ընդհակառակը, երկարաժամկետ անվտանգության իրական երաշխիքը լինելու է այն հնարավորությունները, որոնք մենք կկարողանանք տրամադրել ուկրաինական բանակին։ Այս փուլում 15 երկիր հետաքրքրված է Ուկրաինայի անվտանգության նոր ձևաչափով, որը նախատեսում է Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի երաշխիք»,- նշել է նախարարը։
Լեկորնուն նաև ասել է, որ Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգությունը չպետք է դիտարկել բացառապես այնտեղ եվրոպական զորքերի տեղակայման համատեքստում։