Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել է Մարսելի օդանավակայանը, իսկ քաղաքացիները տարհանվել են Լե Պեն-Միրաբո քաղաքից

18:44, 08.07.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել է Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Մարսելի օդանավակայանը։ Ինչպես գրում է «France 24»-ը, հրդեհը արագ տարածվում է, որին նպաստում են ուժեղ քամին։

Օդանավակայանի պաշտոնյաները հայտնել են, որ այսօր կեսօրից դադարեցվել են չվերթները, որոշ չվերթներ ուղղորդվել են դեպի Նիցա։ Դեռևս հայտնի չէ, թե երբ կվերաբացվի օդանավակայանը։

Տեղական հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհը մոլեգնում է Մարսելից հյուսիս և տարածվել է 30 հեկտարի վրա։ Հրդեհի մարմանը մասնակցում է ավելի քան 160 հրշեջ։ Դեպքի վայր են ուղարկվել նաև ուղղաթիռներ։

«Այս փուլում բնակիչները պետք է մնան տանը: Փակեք ձեր դռներն ու պատուհանները, մենք կոչ ենք անում ձեզ անհրաժեշտության դեպքում ապահովել, որ ձեր իրերը հասանելի լինեն արտակարգ ծառայությունների համար և չճանապարհորդեք ճանապարհներով», – ասվում է Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր պրեֆեկտուրայի X սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մարսելից հյուսիս գտնվող Լե Պեն-Միրաբո քաղաքից բնակիչները տարհանվել են ուժեղ հրդեհի պատճառով։ Մինչդեռ Մարսելի բնակիչները նշում են, որ քաղաքի կենտրոնում զգացվում է ծխի հոտ, և քաղաքի որոշ հատվածներ պատված են ծխով։

Նմանատիպ