Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները դատապարտել են Սկրիպալի վրա հարձակումը
Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով, գրում է Ռոյտերսը:
«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդներս, դատապարտում ենք մարտի 4-ին Սոլսբերիում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների վրա հարձակումը։ Ռուսաստանի կողմից մշակված ռազմական նշանակության նյարդային թույնի օգտագործումը Երկրորդ պատերազմից ի վեր նյարդային թույնի օգտագործման առաջին դեպքն է Եվրոպայում։
Սա հարձակումը է մեծ Բրիտանիայի ինքնիշխանության վրա և պետության կողմից այսպիսի գործողությունները Քիմիական զենքի մասին կոնվենցիայի և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, ինչպես նաև սպառնում է մեզ բոլորիս»,-ասված է հայտարարության մեջ:
Չորս երկրները կոչ են արել Ռուսաստանին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը լիարժեք հասանելիություն տրամադրել «Նովիչոկ» նյարդային թույնի ծրագրին։
Նշենք, որ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ։
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչև մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:
Իսկ արդեն մարտի 14–ին Բրիտանիայի վարչապետը հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու և Ռուսաստանի հետ երկկողմ շփումները կասեցնելու մասին։
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
Հեղինակ -
Edgar Barsegyan