Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Վլադիմիր Պուտինին մայիսի 15-ին Ստամբուլում հանդիպել Վոլոդիմիր Զելենսկիի հետ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել Վլադիմիր Պուտինին հանդիպել Վոլոդիմիր Զելենսկիի հետ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում։ Տեղեկատվությունը հաղորդում է Le Figaro-ն։
«Այս շաբաթավերջին Կիևում մենք ականատես եղանք եվրոպական միասնության և ուժի ցուցադրությանը՝ 30-օրյա անվերապահ հրադադարի միասնական կոչով, որին աջակցում էր Միացյալ Նահանգները: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգտվեց առիթից և անձամբ հայտնեց Ստամբուլ ժամանելու ցանկություն: Հիմա մենք կոչ ենք անում Վլադիմիր Պուտինին նույնպես համաձայնվել դրան», – ասաց նախարարը Լոնդոնում մի քանի եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ հրադադարը նախապայման է Ուկրաինայի հարցով ցանկացած խաղաղ բանակցությունների համար։
«Ակնհայտ է, որ առանց հրադադարի արդար և երկարատև խաղաղության համար բանակցություններ չեն լինի, քանի որ խաղաղ բանակցությունները անհնար են ռումբերի և անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ», – ասաց Ժան-Նոել Բարոն։
Անցյալ շաբաթվա վերջին Կիևում կայացած հանդիպումից հետո Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները հայտարարեցին, որ մայիսի 12-ից պետք է հայտարարվի «լիակատար և անվերապահ հրադադար՝ առնվազն 30 օրով»։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց մայիսի 15-ին Ստամբուլում անցկացնել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։ Այս կապակցությամբ Ուկրաինայի նախագահը նշեց, որ Ռուսաստանից հրադադար է ակնկալում մայիսի 12-ից և անձամբ կսպասի Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին։