Ֆրանսիայի արդարադատության նախարարությունում հայտարարում են, որ երկրի մի քանի բանտերի վրա հարձակում է իրականացվել
«BBC»-ի տվյալներով՝ նախորդ գիշեր հարձակումներ են իրականացվել Ֆրանսիայի մի քանի բանտերի վրա։ Ինչպես հայտնել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանեն, մի քանի քրեակատարողական հիմնարկների ուղղությամբ կրակ է արձակվել։ Նշվել է նաև ավտոկայանատեղիում կանգնած մեքենաների հրկիզման դեպքեր։
Ֆրանսիական մամուլի տվյալներով՝ հարձակումներ են տեղի ունեցել Տուլոնում, Մարսելում, Վալանսում, Լյուինում, Վիլպենտում և Նանտերում։
Տեղի ունեցածի ֆոնին Ֆրանսիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ այսօր կուղևորվի Տուլոն։
Սոցիալական ցանց «X»-ում Դարմանեն գրել է, որ կառավարությունը խնդիրներ ունի թմրանյութերի վաճառքով զբաղվողների հետ։ Նրա տեղեկություններով՝ իշխանությունները արդեն միջոցներ են ձեռնարկում հանցավոր խմբավորումների դեմ։
Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող արհմիությունները մտահոգություն են հայտնել կատարվածի կապակցությամբ և կոչ են արել կառավարությանը ձեռնարկել գործուն քայլեր՝ բանտերի աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար։