Ֆրանսիան 2026 թվականի երկրորդ կեսին երիտասարդների համար կներդնի կամավոր զինվորական ծառայություն

21:03, 27.11.2025

Ֆրանսիայում երիտասարդների համար նախատեսված նոր կամավորական զինվորական ծառայությունը կգործարկվի 2026 թվականի երկրորդ կեսից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նախագահի խոսքով, ծրագիրը կօգնի Ֆրանսիային ավելի արդյունավետ արձագանքել աշխարհում աճող սպառնալիքներին։

«Ֆրանսիան չի կարող անգործ մնալ», – ասել է Մակրոնը՝ հանդիպելով ֆրանսիացի զինվորականների հետ։

Նրա խոսքով, այս նոր նախաձեռնությունը ներշնչված է եվրոպացի գործընկերների փորձով։ Կամավորական ծրագիրը բաց կլինի 18-19 տարեկան երիտասարդների համար, ովքեր դրա դիմաց կստանան վարձատրություն։ Ծառայությունը կտևի տասը ամիս։ Ըստ հաղորդումների, ծրագիրը պետությանը կարժենա մոտ երկու միլիարդ եվրո։

Ծրագրի համաձայն, 2026 թվականին զինվորական ծառայությանը կմիանա 3 000 երիտասարդ, և նրանք ծառայությունը կանցնեն միայն Ֆրանսիայի տարածքում։ Մինչև 2030 թվականը այս թիվը կհասնի 10 000-ի։

«Իմ նպատակն է՝ փոխվող սպառնալիքների պայմաններում 2035 թվականին ընդգրկել 50 000 երիտասարդ», – նշել է Մակրոնը։

Նախագահի խոսքով, ծառայությունից հետո մասնակիցները կարող են վերադառնալ քաղաքացիական կյանքին, դառնալ պահեստազորայիններ կամ շարունակել ծառայել զինված ուժերում։

Մակրոնը նաև ճիշտ է համարել նախկին նախագահ Ժակ Շիրակի որոշումը 1996 թվականին պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու մասին։

«Մենք չենք կարող վերադառնալ պարտադիր զորակոչին։ Հիբրիդային բանակի մոդելը լավագույնս արձագանքում է մեր առջև կանգնած սպառնալիքներին ու ռիսկերին», – ասել է նա։

Նմանատիպ