Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Խուլոյի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ կաշառք ստանալու մեղադրանքով
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Խուլոյի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ կաշառք ստանալու մեղադրանքով

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Խուլոյի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ներկայացուցչին։

Քննչական ծառայության տվյալներով՝ գործը վերաբերում է պետական պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունների իրականացման ընթացքում կաշառք ստանալու փաստին։

«Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, որի ծառայողական պարտականությունների մեջ էր մտնում Խուլոյի մունիցիպալիտետի կողմից գնված ապրանքների ընդունումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, պետական տենդերում հաղթած ընկերության ներկայացուցչից ընդունել է ապրանք՝ պակաս քանակով, սակայն կազմել է ամբողջ ծավալի ընդունման ակտ և ապահովել մատակարար ընկերության համար ամբողջական գումարի փոխանցումը։

Հատուկ գործողության արդյունքում, պարզվել է, որ դրա դիմաց պաշտոնյան պահանջել և ստացել է գումար մատակարար ընկերության ներկայացուցչից, ինչի ընթացքում էլ նա ձերբակալվել է։

Դատարանի որոշմամբ իրականացվել են գաղտնի քննչական միջոցառումներ, որոնց արդյունքում ստացվել են աուդիո/վիդեոապացույցներ, որոնք արձանագրում են հանցավոր գործողությունները։

Նախաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հորդորում է պետական ծառայողներին և հնարավոր հանցավոր համաձայնության մտադիր անձանց զերծ մնալ նմանօրինակ անօրինական գործողություններից, հակառակ դեպքում ծառայության արձագանքը լինելու է անհապաղ և խիստ», – ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։