Euronews. Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև մաքուր էներգիայի համաձայնագիրը կարող է օգնել ԵՄ երկրներին նվազեցնել կախվածությունը բրածո վառելիքից

18:20, 13.11.2026

Կասպից ծովի տարածաշրջանից Արևելյան Եվրոպա էլեկտրաէներգիա մատակարարելու նոր երթուղին կարող է օգնել ԵՄ երկրներին նվազեցնել իրենց կախվածությունը բրածո վառելիքից, հաղորդում է Euronews-ը՝ ընդգծելով Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև համատեղ էներգետիկ նախագիծը։

Ըստ Euronews-ի՝ նոր էներգետիկ միջանցքը թույլ կտա Արևելյան Եվրոպայի երկրներին դիվերսիֆիկացնել իրենց էներգիայի ներմուծումը։

Չորս երկրները նոյեմբերի 10-ին, Թուրքիայի Անթալիայում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի շրջանակներում ստորագրել են մաքուր էներգիայի վերաբերյալ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Փաստաթուղթը նախատեսում է Կասպից ծովի տարածաշրջանում քամու և արևային էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի մատակարարումը Բուլղարիայի և այլ եվրոպական երկրների շուկաներ՝ Վրաստանի և Թուրքիայի միջոցով։

Ըստ Euronews-ի՝ Անթալիայի կլիմայական բանակցությունների շրջանակներում ստորագրված համաձայնագիրը նշանավորում է անցում բազմամյա հայեցակարգային պլանավորումից դեպի կոնկրետ ենթակառուցվածքային պարտավորություններ։ Նպատակներին հասնելու համար չորս երկրները ստեղծում են էլեկտրաէներգիայի ցանցերի համաժամեցված համակարգ, որը պետք է հաղթահարի ավանդական լոգիստիկ սահմանափակումները։ Ենթակառուցվածքները կհիմնվեն Հարավային Կովկասում և Թուրքիայում առկա բարձր լարման ցամաքային էլեկտրահաղորդման գծերի ընդլայնման վրա։ Նախագծի կարևոր բաղադրիչը տարանցիկ երթուղու երկայնքով օպտիկամանրաթելային կապի ենթակառուցվածքների զուգահեռ զարգացումն է։ Սա կապահովի էլեկտրաէներգիայի անվտանգ և անխափան փոխանցումը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ ցանցի ժամանակակից կառավարումը։

Ըստ Euronews-ի՝ Հարավային Կովկասի էլեկտրաէներգետիկ ցանցի Բուլղարիայի հետ անմիջական կապը կստեղծի էներգամատակարարման նոր, կարևոր ուղի Եվրամիության միասնական էլեկտրաէներգետիկ համակարգում։

«Չորս երկրների տնտեսությունների միջև էլեկտրաէներգետիկ ցանցերի արդիականացման զգալի ֆինանսական և տեխնիկական բեռի կիսումը կստեղծի համագործակցության ավելի կառուցվածքային միջավայր։ Բազմակողմ համակարգումը նվազեցնում է լոգիստիկ ռիսկերը միջազգային ներդրողների, մասնավոր ներդրումային ֆոնդերի և զարգացման բանկերի համար, որոնք, ինչպես սպասվում է, կֆինանսավորեն շինարարության ապագա փուլերը», – ասվում է Euronews-ի հոդվածում։

Նմանատիպ