Էստոնիայի ներքին գործերի նախարար. Բալթյան երկրները դարձել են հիբրիդային պատերազմի մարտավարության փորձադաշտ

19:53, 28.10.2025

Էստոնիայի ներքին գործերի նախարար Իգոր Տարոն ասել է, որ Բալթյան երկրները դարձել են հիբրիդային պատերազմի մարտավարության մի տեսակ փորձադաշտ, որտեղ Ռուսաստանը անընդհատ փորձարկում է տարածաշրջանի պատրաստվածությունը, համագործակցելու ունակությունը և դիմադրողականությունը։

Իգոր Տարոն այս մասին խոսել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում ներքին անվտանգության համար պատասխանատու եվրոպացի նախարարների հանդիպման ժամանակ։

Հանդիպման հիմնական թեման հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարն էր և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ Եվրամիությունը պաշտպանելու համար։

«Մենք բախվում ենք տարբեր սպառնալիքների՝ անօդաչու թռչող սարքերի, օդային տարածքի խախտումների, կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումների՝ թե՛ ցամաքում, թե՛ ծովում։ Դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը, մշակել տարբեր սցենարներ և ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ», – նշել է Տարոն։

Ըստ նրա՝ ցամաքային սահմաններից բացի, անդամ պետությունները պետք է կարողանան պաշտպանվել ծովից և օդից եկող հիբրիդային սպառնալիքներից։

«Հիմա, ավելի քան երբևէ, այս հարցում հատկապես կարևոր է Եվրամիության աջակցությունը», – ասել է էստոնացի նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է ռուսական ագրեսիան ընկալի որպես «տարբեր տեսակի պատերազմ» և պատրաստ լինի հիբրիդային սպառնալիքների նոր ձևերի։

Նմանատիպ