Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա այս կամ հաջորդ տարի, սակայն ավելի արագ է վերականգնում ռազմական ուժերը, քան Եվրոպան աշխատում է իր սպառազինության վրա։ Այս մասին ասված է Էստոնիայի հետախուզության զեկույցում։
«Եվրոպան պետք է ներդրումներ կատարի պաշտպանության և ներքին անվտանգության մեջ, որպեսզի ապագայում Ռուսաստանը հասկանա, որ ՆԱՏՕ-ի երկրների դեմ որևէ շանս չունի», – լրագրողներին հայտնել է Էստոնիայի հետախուզական ծառայության ղեկավար Կաուպո Ռոզինը։
Ռոզինի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը շատ մտահոգված է Եվրոպայի սպառազինմամբ։
«Նրանք տեսնում են, որ երկու-երեք տարի հետո Եվրոպան կկարողանա անկախ ռազմական գործողություն իրականացնել Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի նպատակն այժմ դա դանդաղեցնելն ու խոչընդոտելն է», – նշել է Ռոզինը։
Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում զինամթերքի արտադրությունն այնքան արագ է աճում, որ երկիրը կկարողանա պաշարներ կուտակել ապագա պատերազմների համար՝ Ուկրաինայում մարտերի շարունակմանը զուգահեռ։
«Այս փոփոխությունը բխում է Կրեմլի հավակնությունից՝ օգտագործել Ամերիկայի նոր վարչակազմը երկկողմ հարաբերությունները վերականգնելու և համաձայնության հասնելու համար, որը պաշտոնապես կհաստատի Ուկրաինայի պարտությունը»։ – նշված է զեկույցում։
Զեկույցում խոսվում է նաև ռուս-չինական հարաբերությունների մասին։ Փաստաթղթի համաձայն՝ Չինաստանը Ռուսաստանի մեջ տեսնում է օգտակար դաշնակցի՝ Արևմուտքի մարգինալացման համար և էներգիայի աղբյուր, եթե Թայվանի հետ հակամարտությունը հանգեցնի պատժամիջոցների կամ ծովային շրջափակման։