Էմանուել Մակրոնն ու Քիր Սթարմերը առաջարկում են Ուկրաինայում մեկամսյա հրադադար հաստատել

10:15, 03.03.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը առաջարկում են Ուկրաինայում մեկամսյա հրադադար հաստատել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական «Ֆիգարոն» (Le Figaro) հրատարակությունը։

Le Figaro-ին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ ինքն ու Սթարմերը առաջարկում են մեկամսյա հրադադար՝ «հրադադար օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքներում»։

Մակրոնը նշել է, որ հրադադարը կլինի առաջին փուլը, իսկ խաղաղության ապահովման համար զորքերի տեղակայումը կլինի ավելի ուշ։

«Առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինական տարածքում եվրոպական զորքեր չեն լինի: Հարցն այն է, թե ինչպես կօգտագործենք այս ժամանակը, որպեսզի փորձենք հասնել հնարավոր հրադադարի բանակցությունների միջոցով, որոնք կտևեն մի քանի շաբաթ, իսկ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո տեղի կունենա զորքերի տեղակայումը»,- ասել է Մակրոնը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղեկացված է Մակրոնի և Սթարմերի նախաձեռնության մասին։ Հարցին, թե գիտի՞ արդյոք այս ծրագրի մասին, Զելենսկին պատասխանել է. «Ես ամեն ինչ գիտեմ»:

«Վերջին երեք տարիների ընթացքում ռուսները պաշտպանության վրա ծախսում են իրենց ՀՆԱ-ի տասը տոկոսը: Այդ պատճառով մենք պետք է պատրաստվենք ապագային՝ նպատակ դնելով մոտ երեք կամ 3,5 տոկոսի», – նշել է Մակրոնը։

Նմանատիպ