Էմանուել Մակրոնը նախազգուշացնում է բնակչությանը, որ անտառային հրդեհների պատճառով ամառը ծանր է լինելու
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացնում է բնակչությանը, որ անտառային հրդեհների պատճառով ընթացիկ ամառը ծանր է լինելու։
Ֆոնտենբլոյի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող հրշեջներին այցելության ժամանակ Մակրոնը նշել է, որ այս ամառը ծանր է լինելու, քանի որ նույնիսկ մինչև անտառային հրդեհների սեզոնի պիկի մեկնարկը արդեն իսկ գրանցված ռեկորդները գերազանցվել են։
Դատախազությունը հետաքննություն է սկսել մի ընկերության և նրա երկու աշխատակիցների նկատմամբ, ովքեր հարակից ավտոմայրուղու վրա վերանորոգման աշխատանքների ժամանակ էլեկտրական սղոց են օգտագործել։ Քննիչների ենթադրությամբ՝ հենց սղոցից առաջացած կայծերն են հանգեցրել բուսականության բռնկմանը։
Ձերբակալվել է նաև մի կամավոր հրշեջ, ով խոստովանել է, որ հրդեհն ինքն է բռնկել՝ օգտագործելով կրակայրիչ և բենզին։ Բացի այդ, տարածված տեղեկատվության համաձայն՝ ևս մեկ տղամարդ անզգուշությամբ նպաստել է հրդեհի առաջացմանը, երբ դեն է նետել ծխախոտի մնացորդը։