Էմանուել Մակրոնը կոչ է արել դադարեցնել ֆրանսիական ներդրումներն ԱՄՆ-ում

21:10, 03.04.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ի պատասխան ԱՄՆ նախագահի հայտարարած մաքսատուրքերի, կոչ է արել սառեցնել ԱՄՆ-ում ֆրանսիական ներդրումները, քանի դեռ իրավիճակը չի պարզվել։

Ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Վաշինգտոնի ձեռնարկած «դաժան ու չարդարացված» միջոցները եվրոպական երկրների կողմից անպատասխան չեն մնա։

Մակրոնի խոսքով՝ Եվրոպան պետք է ոլորտ առ ոլորտ արձագանքի նոր սակագներին։ Նա ասել է, որ Թրամփի՝ ԱՄՆ ներմուծման նոր մաքսատուրքերի հայտարարման արդյունքում ամերիկացիները կդառնան «ավելի թույլ և աղքատ», մինչդեռ եթե եվրոպացիները միասին աշխատեն, նրանք կկարողանան «հաջողության հասնել» և վերացնել մաքսատուրքերը։

Ի գիտություն ձեզ, տարբեր երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը տատանվում են 10%-ից 49%-ի սահմաններում։ Բացի այդ, Թրամփը 20 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Եվրամիության համար, իսկ 10 տոկոս՝ Մեծ Բրիտանիայի համար։ Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, մաքսատուրքերը կօգնեն վերականգնել ԱՄՆ տնտեսությունը։ Թրամփը նաև 25 տոկոս մաքսատուրք է սահմանել արտասահմանյան արտադրության բոլոր մեքենաների համար։

Նմանատիպ