Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները բանակցություններ անցկացնեն «չեզոք երկրում»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները բանակցություններ անցկացնեն «չեզոք երկրում», օրինակ՝ Շվեյցարիայում։ Նրա խոսքով՝ ինքը կողմ է, որ հանդիպումը կայանա Ժնևում։
Ինչպես նշել է Էմանուել Մակրոնը, ցանկալի կլիներ, որ Զելենսկու և Պուտինի գագաթնաժողովի շրջանակում բանակցությունների սեղանի շուրջ լինեն նաև եվրոպացի առաջնորդներ։
BBC-ի տվյալներով՝ այս մեկնաբանությունն արել է Ֆրանսիայի նախագահը ֆրանսիական LCI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Նույն ժամանակ կսկսենք նաև կոնկրետ աշխատանքներ ամերիկացիների հետ՝ պարզելու, թե ով ինչի է պատրաստ», – ասել է Մակրոնը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի կողմից հնարավոր զիջումներին՝ Մակրոնը նշել է․ «Ուկրաինան միայն այն զիջումների կգնա, որոնք կհամարի արդար և ընդունելի»։
«Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիա։ Դա կլինի ողբերգություն Ուկրաինայի և եվրոպացիների համար», – ընդգծել է Մակրոնը։