Էմանուել Մակրոնը դաշնակիցներին կոչ է անում միավորվել՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առջև հաստատակամություն դրսևորելու համար. «Մեր նպատակն է չլինել երկու հեգեմոն պետությունների վասալը»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դաշնակիցներին կոչ է անում միավորվել՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առջև հաստատակամություն հայտնելու համար:
Այս մասին հայտնում է «Բլումբերգը»։
Սեուլում ուսանողների հետ զրույցում Մակրոնը ժողովրդավարական երկրներին կոչ է արել ստեղծել «անկախության կոալիցիա»՝ Չինաստանի և ԱՄՆ-ի առջև հաստատակամություն դրսևորելու համար։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ եվրոպական երկրները, ինչպես նաև Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան և Հնդկաստանը, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ ունեն գործողությունների ընդհանուր օրակարգ միջազգային իրավունքի, ժողովրդավարության, կլիմայի փոփոխության և գլոբալ առողջապահության հարցերում։
Հենց այս երկրներին է Մակրոնը դիտարկում որպես նոր դաշինքի անդամներ։
«Մեր նպատակն է չլինել երկու հեգեմոն պետությունների վասալը։ Մենք չենք ցանկանում կախված լինել Չինաստանի գերիշխանությունից և չենք ցանկանում չափազանց խոցելի մնալ ԱՄՆ-ի անկանխատեսելի քայլերի նկատմամբ։ ԱՄՆ-ը մեծ երկիր է, բայց ներկայիս մոտեցմամբ «Պանդորայի տուփը» բացելու ռիսկի է դիմում», – հայտարարել է Մակրոնը։