Էմանուել Մակրոն. Ներկայումս արևմտյան երկրների միջև Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում կոնսենսուս չկա , բայց ապագայում ոչինչ չի բացառվում

11:03, 27.02.2024

Փարիզում Ուկրաինային աջակցող միջազգային համաժողով է տեղի ունեցել, որին մասնակցել են 20 պետությունների ղեկավարներ։ Համաժողովին առցանց մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Զելենսկին ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցներին հրավիրել է Շվեյցարիայում նախատեսված «խաղաղության գագաթնաժողովին»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ գագաթնաժողովին մասնակցող երկրները պայմանավորվել են աշխատել այդ պետությունների դեմ պատժամիջոցների վրա, որոնք, ըստ նրա, օգնում են Ռուսաստանին շրջանցել Ուկրաինայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ Ուկրաինայի դաշնակիցները կոալիցիա են ստեղծելու՝ Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար։

Նրա խոսքով՝ Փարիզում կայացած համաժողովում առաջնորդները քննարկել են Ուկրաինա արեւմտյան երկրների ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը, սակայն այս հարցում չեն կարողացել կոնսենսուսի գալ։

«Մենք դա քննարկել ենք։ Զորքեր ուղարկելու հարցում այժմ կոնսենսուս չկա, բայց ապագայում ոչինչ բացառել չի կարելի։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում»,- ասել է Մակրոնը։

Նմանատիպ