Էմանուել Մակրոն. ՆԱՏՕ-ն չի միանա Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, բայց ԱՄՆ-ն պատրաստ է լինել դրա մաս
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առցանց գագաթնաժողովի ընթացքում Թրամփը ասել է, որ երբ Ուկրաինայում պատերազմը ավարտվի և խաղաղություն հաստատվի, Ամերիկան կօգնի Եվրոպային անվտանգության ուժեղացման գործում, սակայն ՆԱՏՕ-ն այս գործում չի ներգրավվի։
«Թրամփն ասել է մի բան, որը ինձ համար շատ կարևոր է։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի այս անվտանգության երաշխիքների մաս։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը հենց դա է ուզում՝ ՆԱՏՕ-ն չմասնակցի։ Բայց Ամերիկան և այլ երկրներ, որոնք պատրաստ են, պետք է օգնեն Ուկրաինային», – ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ առցանց գագաթնաժողովում Թրամփն ընդգծել է նաև, որ եթե Ուկրաինան հրաժարվի որևէ տարածքից, ապա փոխարենը պետք է ստանա անվտանգության հզոր երաշխիքներ։
«Սա հենց այն դիրքորոշումն է, որը մենք պաշտպանում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այդ պատճառով էլ ստեղծեցինք մեր կոալիցիան՝ երկրները, որոնք պատրաստ են աջակցել Ուկրաինային։ Թրամփն ասաց հենց դա։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր պարզաբանում էր, որը մենք այսօր լսեցինք», – նշել է Մակրոնը։