Էմանուել Մակրոն - 26 երկիր պատրաստ է ուժեր ուղարկել Ուկրաինա կամ օգնություն ցուցաբերել ցամաքում, ծովում և օդում՝ հրադադարից հետո անվտանգության երաշխիքների շրջանակներում
Էմանուել Մակրոն - 26 երկիր պատրաստ է ուժեր ուղարկել Ուկրաինա կամ օգնություն ցուցաբերել ցամաքում, ծովում և օդում՝ հրադադարից հետո անվտանգության երաշխիքների շրջանակներում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ 26 երկիր պատրաստ է ուղարկել զորքեր Ուկրաինա կամ ապահովել աջակցություն ցամաքում, ծովում և օդում՝ հրադադարի հաստատումից հետո անվտանգության երաշխիքների շրջանակում։

Այս մասին Մակրոնը հայտարարեց Փարիզում կայացած «Ցանկացողների կոալիցիայի» հանդիպումից, եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու՝ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Զելենսկու հետ համատեղ ասուլիսում Մակրոնն ընդգծել է, որ միջազգային կոնտինգենտը չի տեղակայվելու շփման գծերին, իսկ ուժերի տեղակայման ճշգրիտ գոտին դեռ որոշվում է։

Նրա խոսքով, «ցանկացողների կոալիցիայի» մոտեցումը անվտանգության երաշխիքների վերաբերյալ բաղկացած է երկու տարրից. առաջին՝ ուկրաինական բանակի կարողությունների ուժեղացում, որպեսզի կարողանա զսպել ցանկացած հնարավոր ագրեսիա, և երկրորդ՝ անվտանգության ապահովման ուժերի ներգրավում։ Մակրոնի հայտարարությամբ՝ ներկայում 26 երկիր պատրաստակամություն է հայտնել ուղարկել կոնտինգենտ կամ տրամադրել ռեսուրսներ կոալիցիային աջակցելու համար։

Նա հավելել է, որ արևմտյան երկրները, որոնք պատրաստ են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, արդեն ներգրավված են հնարավոր գործողության ռազմական պլանավորման փուլում։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «հաղթանակ» է համարել այն, որ այսքան երկրներ պատրաստակամություն են հայտնել մասնակցել անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Նա նշել է, որ ունեն ԱՄՆ-ի աջակցության հույս և մոտ օրերս կճշգրտվի Վաշինգտոնի դերը։

Զելենսկին նաև ներկայացրել է, թե ինչի շուրջ են համաձայնության եկել «ցանկացող» երկրները պատերազմի ավարտից հետո՝ ուժեղ ուկրաինական բանակ՝ առանց քանակական սահմանափակումների, Ուկրաինայում ռազմական արտադրության ավելացում, ԱՄՆ-ից դեֆիցիտային զինատեսակների, այդ թվում՝ հակաօդային համակարգերի ձեռքբերում, ինչպես նաև օտարերկրյա զորքերի տեղակայում Ուկրաինայի տարածքում։

Նրա խոսքով՝ չնայած դեռ չեն պատրաստ հայտարարելու կոնկրետ թվեր, հասկանալի է, թե որոնք են այն երկրները, որոնք համաձայնել են։ Զելենսկին հավելել է, որ այս տեղակայումը կներառի ծովային, օդային և ցամաքային ոլորտներ։

Անվտանգության երաշխիքների կարևոր բաղադրիչներից Զելենսկին նշել է նաև ԱՄՆ-ի աջակցությունը։ Նա հավելել է, որ դեռ պատրաստ չէ ներկայացնել բոլոր մանրամասները, սակայն «ընդհանուր պատկերը արդեն պարզ է»։