Էլեկտրաէներգիայի անջատումները խնդիրներ են առաջացրել Պորտուգալիայի և Իսպանիայի քաղաքներում, դադարեցվել են երկաթուղային ծառայությունները, իսկ Մադրիդի օդանավակայանում չվերթները խափանվել են
Էլեկտրաէներգիայի անջատումները խնդիրներ են առաջացրել Պորտուգալիայի և Իսպանիայի քաղաքներում։
Ինչպես գրում է Guardian-ը, ամենաշատը տուժել են Բարսելոնան, Սևիլյան, Վալենսիան և Մադրիդը, որտեղ մետրոն կանգ է առել։ Բացի այդ, Մադրիդի միջազգային օդանավակայանում չվերթները հետաձգվում են։
Իսպանական երկաթուղային ընկերությունը հայտնում է, որ գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։ Բացի այդ, Իսպանիայի քաղաքներում երկար հերթեր են, քանի որ հնարավոր չէ վճարել էլեկտրոնային քարտերով։ Ռեստորաններն ու սրճարանները չեն կարողանում պատշաճ կերպով գործել։ Էլեկտրաէներգետիկ ընկերությունը հայտնում է, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Քաոս է նաև Պորտուգալիայում, որտեղ խափանված են բջջային հեռախոսակապերը, և խնդիրներ կան տրանսպորտային համակարգում։ Լիսաբոնում և Պորտոյում լուսացույցերը անջատված են։ Էլեկտրաէներգիայի մատակարարումը անջատվել է նաև Անդորրայում։
Բացի այդ, այսօր էլեկտրաէներգիայի անջատման պատճառով տեղի կունենա Պորտուգալիայի և Իսպանիայի կառավարությունների արտակարգ նիստ։