El Mundo. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը նախազգուշացում է տարածում Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի վրա ռուսական ԱԹՍ-ներով հնարավոր հարձակման մասին
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը նախազգուշացում է տարածում Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի վրա ռուսական ԱԹՍ-ներով հնարավոր հարձակման մասին. այս մասին գրում է իսպանական «El Mundo» հրատարակությունը։
Եվրոպայի արտաքին գործերի նախարարությունները մանրամասն զեկույց են պատրաստել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած այցից հետո։ Լիտվայի կառավարության տվյալներով՝ Ռուսաստանը ծրագրում է 600 կմ գործողության շառավղով նավերից արձակել «Գերբերա» տեսակի անօդաչու թռչող սարքեր։ Այսպիսով, Ռուսաստանը Եվրոպայում նոր հարձակումներ է նախապատրաստում ԱԹՍ-ներով, սակայն այս անգամ դրանք ուղղված են լինելու Միջերկրական ծովի երկրների դեմ։
«Նրանք կօգտագործեն ծովից արձակվող անօդաչու թռչող սարքեր, որոնք թաքցված կլինեն նավի վրա գտնվող կոնտեյներում. դա ամենևին էլ բարդ չէ», — պարզաբանում է հրատարակության աղբյուրը։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարություններին նույնպես տեղեկացրել են, որ Ռուսաստանը նախապատրաստվում էր այս երկրներից մեկի դեմ ԱԹՍ-ներով հնարավոր գործողության։ Այս նախազգուշացումը համընկնում է Էմանուել Մակրոնի արձագանքին. սեպտեմբերի 16-ին Պաշտպանության խորհրդի նիստ հրավիրելուց հետո նա Ելիսեյան պալատ է հրավիրել բոլոր կուսակցությունների ղեկավարներին և 2027 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուներին։
Հրատարակության կողմից հարցված պաշտպանական ոլորտի մի քանի վերլուծաբաններ հաստատել են, որ տեղյակ են եղել Կենտրոնական հետախուզական վարչության զեկույցի մասին, որը տարածվում էր Եվրոպայի արտաքին գործերի նախարարություններում։ Պարբերականը պնդում է, որ Ռուսաստանի գործողության հիմնական նպատակը զգալի ավերածություններ պատճառելը չէ։ Հաշվի առնելով մոտ չորսից հինգ կիլոգրամ քաշով պայթուցիկ լիցքը՝ «Գերբերան» ավելի շատ կօգտագործվի օդանավակայան փակելու, հրդեհ բռնկելու, ռազմական օբյեկտի վրայով թռչելու կամ Եվրոպայի թիկունք հասնելու կարողությունը դրսևորելու համար։ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինային զենքի, հետախուզական տվյալների և ռազմական խորհրդատուների տրամադրումը Արևմուտքի երկրներին դարձնում է պատերազմի մասնակիցներ և լեգիտիմ թիրախներ։