Էկոնոմիկայի փոխնախարար Ինգա Փխալաձեն հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով օգնական Թոմի Ջոյսի հետ
Տնտեսության և կայուն զարգացման փոխնախարար Ինգա Փխալաձեն հանդիպել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարի գործող օգնական Թոմի Ջոյսին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպումը կայացել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ Տրանսատլանտյան էներգետիկ համագործակցության (P-TEC) վեցերորդ նախարարական նիստի շրջանակում։
Նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և ԱՄՆ-ի հնարավոր համագործակցության ուղղություններն էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում։
Փոխնախարարը մանրամասն ներկայացրել է Վրաստանի էներգետիկ հատվածում ընթացիկ զարգացումները, խոշոր էներգետիկ ենթակառուցվածքային նախագծերը և մի շարք այլ արդիական հարցեր։
«Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել էներգետիկ անվտանգության թեմաներին՝ ելնելով եվրասիական տարածքում ընթացող գործընթացներից։ Նշվեց, որ Վրաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանային էներգետիկ նախագծերում, որը ապահովում է, օրինակ, նավթի և գազի փոխադրում դեպի Եվրամիության շուկաներ։ Ներկայացվեց նաև «Կանաչ էներգետիկ միջանցքի» զարգացման նախագիծը, որտեղ Վրաստանը համարվում է այս երթուղու հիմնական դերակատարներից մեկը։ Մենք ակտիվորեն ներգրավված ենք այս միջանցքի զարգացման գործընթացում, որը կխթանի ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը», – նշել է Ինգա Փխալաձեն։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են Վրաստանում նորարարական էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման և էներգետիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Եկատերինե Սիսաուրին, Վրաստանի պետական էլեկտրասիստեմի տնօրենների խորհրդի անդամ Զվիադ Գաչեչիլաձեն, Էկոնոմիկայի նախարարության էներգետիկ քաղաքականության և ներդրումային նախագծերի վարչության պետ Ալեքսանդր Սոխաձեն, էներգախնայողության և վերականգնվող էներգիայի քաղաքականության ու կայուն զարգացման վարչության պետի տեղակալ Օմար Ծերեթելին և Վրաստանի դեսպան Հունաստանում Լևան Բերիձեն։