Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Նաթիա Թուրնավային փոխարինեց Լևան Դավիթաշվիլին
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Նաթիա Թուրնավային փոխարինեց Լևան Դավիթաշվիլին

Նաթիա Թուրնավան հրաժարական է տվել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնից։ Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել է Լևան Դավիթաշվիլիի թեկնածությունը։

Մինչ այժմ Դավիթաշվիլին եղել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարը։ Լևան Դավիթաշվիլին կպահպանի փոխվարչապետի պաշտոնը:

«Կառավարության կազմում փոփոխություններ ենք կատարել և ուզում եմ հանրությանը տեղեկացնել այդ մասին։ Լևան Դավիթաշվիլին նշանակվել է էկոնոմիկայի նախարար: Այն մեծ ներկայացման կարիք չունի, բոլորը քաջատեղյակ են նրա գործունեությանը։ Լևանը հաջողակ բնապահպանության և գյուղատնտեսության նախարար էր։ Վերջին հինգ տարիներին նա հավատարմորեն ծառայել է նախարարությանը, երկրին, իր գործին և բազմաթիվ կարևոր բարեփոխումներ է իրականացրել այս նախարարությունում։ Լևանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։ Կրթությամբ տնտեսագետ է, լավ կրթություն ունի, գիտելիք է կուտակել։ Ես հավատում եմ, որ նա կլինի հաջողակ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար։ Նա փոխվարչապետն է, և այդ պաշտոնը կպահպանվի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Նաթիա Թուրնավային կատարած աշխատանքի համար և ասել, որ Թուրնավան մնում է թիմում։

«Ինչ վերաբերում է տիկին Նաթիային, ապա իմ և կառավարության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան ծառայության համար։ Երեք տարի այս պաշտոնում նախարար է եղել, նախարարությունում մեծ աշխատանք է կատարել։ Նաթիան եղել և մնում է մեր թիմի անդամ: Նաթիան ունի իր ծրագրերն ու իր տեսլականները, իր ցանկությունները։ Այդ մասին ինքը անձամբ կասի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել նրան»,- հավելել է Իրակլի Ղարիբաշվիլին։