Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել
Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել։
Ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդան», տեղացիների խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են «Լուկոյլ» գործարանը, որը վառելիք է մատակարարում Ռուսաստանի զինված ուժերին: Նրանք նաև հաղորդել են տարածաշրջանի հարավային մասում տասնյակից ավելի պայթյունների մասին։
Հաղորդումների համաձայն՝ հարձակման ժամանակ ոչ ոք չի տուժել, չնայած խփված անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են երկու մասնավոր տների տանիքները: Բացի այդ, հարձակումից հետո Մոսկվայից երկու թռիչք չեղարկվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը երկրի ՀՕՊ-ն ոչնչացրել է Ուկրաինայից արձակված 43 անօդաչու թռչող սարքեր: Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքեր, բացի Վոլգոգրադից, նկատվել են նաև Ռոստովի, Կուրսկի, Բելգորոդի և Ղրիմի ուղղությամբ։