Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Գիուլի Ալասանիան դիմել է Վլադիմիր Զելենսկիին՝ Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա ապահովելու համար
Միխեիլ Սաակաշվիլիի մայրը, Գիուլի Ալասանիան, դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի ապահովի Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա։ Տեսաուղերձը տարածվել է Վրաստանի նախկին նախագահի ֆեյսբուքյան էջում։
«Ես Միշա Սաակաշվիլիի մայրն եմ։ Մենք անելանելի վիճակում ենք. Իմ աչքի առաջ որդուս սպանում են. Ուզում եմ դիմել պարոն Զելենսկիին, ով մեզ բազմիցս օգնել է, բայց հիմա հատկապես նրա աջակցության և օգնության կարիքն ունենք։ Պետք է ինչ-որ կերպ կազմակերպել Միխեիլի տեղափոխումն Ուկրաինա՝ պատշաճ բուժում ստանալու, պատշաճ խնամք ստանալու և ինչ-որ կերպ գոյատևելու համար։
Նա հացադուլի մեջ է արդեն 35 օր։ Պատկերացնու՞մ եք։ Բայց, դա ոչ մեկին չի անհանգստացնում։ Միակ բանը, որ առաջարկում են, բանտային հիվանդանոցն է, որտեղ չկան համապատասխան մասնագետներ, ընդհանրապես պայմաններ չկան նման հիվանդների բուժման համար։ Ես իսկապես ձեր հույսը ունեմ, ուկրաինացի ժողովրդի հույսը, պատգամավորների, դիմում եմ Ուկրաինայի իշխանություններին։ Իհարկե, առաջին հերթին, պարոն Զելենսկիին»,- ասել է Գիուլի Ալասանիան։