Դրոնների հետ կապված «ակամա միջադեպերի» համար Ուկրաինան ներողություն է խնդրել Էստոնիայից
Դրոնների հետ կապված «ակամա միջադեպերի» համար Ուկրաինան ներողություն է խնդրել Էստոնիայից

Ուկրաինան ներողություն է խնդրել Էստոնիայից անօդաչու թռչող սարքերի հետ կապված «ակամա միջադեպերի» համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխին հայտարարում է, որ Ռուսաստանը տեխնոլոգիաների կիրառմամբ դիտավորյալ շարունակում է ուկրաինական ԱԹՍ-ների ուղղորդումը դեպի Մերձբալթյան երկրներ։

«Ռուսաստանը շարունակում է ուկրաինական ԱԹՍ-ները ուղղորդել դեպի Մերձբալթիկա՝ կիրառելով էլեկտրոնային պայքարի միջոցներ։ Մոսկվան դա անում է դիտավորյալ՝ ուժեղացված քարոզչությանը զուգահեռ։ Մենք ներողություն ենք խնդրում Էստոնիայից և մեր բոլոր մերձբալթյան ընկերներից նման ակամա միջադեպերի համար»,- հայտարարել է նա։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան չի օգտագործում Արևելյան Եվրոպայի երկրների օդային տարածքը Ռուսաստանի վրա հարձակվելու համար։

«Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ, ի հեճուկս ռուսական քարոզչության պնդումների, ո՛չ Էստոնիան, ո՛չ Լատվիան, Լիտվան կամ Ֆինլանդիան երբեք թույլ չեն տվել իրենց օդային տարածքի օգտագործումը Ռուսաստանի դեմ հարձակումների համար։ Բացի այդ, Ուկրաինան երբեք նման բան չի խնդրել»,- հայտարարել է նա։

Ի գիտություն՝ այսօր՝ մայիսի 19-ին, ռումինական կործանիչը Էստոնիայում ուկրաինական ԱԹՍ է խոցել, ինչը երկրի մի մասում օդային տագնապ է առաջացրել։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ նման սարք է խոցվել երկրի տարածքում։