Դոնեցկի մարզում Ռուսաստանի առաջխաղացման հետևանքով սկսվել է 14 բնակավայրերի բնակիչների տարհանումը, այդ թվում՝ 1150 երեխաների

20:16, 13.08.2025

Ռուսական բանակի առաջխաղացման ֆոնին Ուկրաինայի իշխանությունները Դոնեցկի մարզի 14 բնակավայրերից սկսել են հարկադիր տարհանում այն ընտանիքների, որոնք ունեն փոքր երեխաներ։

Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի տվյալներով՝ խոսքը վերաբերում է Բելոզյորսկ քաղաքին, Բլագոդատնոե, Բոկովոե, Վեսելոե Պոլե, Վեսնա, Միրովոե, Նովովոդյանոե, Սվյատոգորովկա, Վիկտորովկա, Վերովկա, Կոպանի, Նովովիկտորովկա, Նովոուկրաինկա բնակավայրերին և Դոբրոպոլյե համայնքին պատկանող Ստեպե գյուղին։

Այս բնակավայրերում ներկայումս գտնվում է 1150 երեխա։

Հարկադիր տարհանման մասին որոշումը կայացվել է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային հանձնաժողովի նիստում։

Հետագայում Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմում նշել են, որ Պոկրովսկ քաղաքում մինչ այժմ մնում է 1327 մարդ և քաղաքում իրավիճակը ծայրահեղ լարված է։

«Թշնամին կրակ է բացում քաղաք տանող բոլոր ճանապարհների ուղղությամբ, ինչի պատճառով տարհանումը խիստ խոչընդոտված է», – հայտարարել են Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմում։

Նշենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում հայտնել են, որ վերջին 24 ժամում ճակատում տեղի է ունեցել 165 մարտական բախում։ Նրանց տվյալներով՝ ռուսական բանակը Ուկրաինայի բանակի դիրքերն ու բնակավայրերը ենթարկել է երկու հրթիռային և 89 օդային հարվածի։

Բացի այդ, ռուս զինվորականները կրակ են բացել 5120 անգամ, այդ թվում՝ 64 անգամ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Ռուսաստանը նաև օգտագործել է 4166 դրոն։

Ուկրաինայի զինված ուժերում նշել են, որ Պոկրովսկի ուղղությամբ վերջին 24 ժամում ուկրաինացի զինվորականները կանգնեցրել են ռուսական բանակի 47 հարձակում։

Նմանատիպ