Դոնալդ Տուսկ. Մենք չենք նախատեսում լեհ զինվորներ ուղարկել Ուկրաինա

18:53, 17.02.2025

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին Տուսկը հայտարարել է Փարիզում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին մեկնելուց առաջ։

«Ես գիտեմ, որ շատ շահարկումներ և ենթադրություններ կան այն մասին, թե արդյոք մենք Փարիզում կխոսենք այն մասին, թե ով և երբ կկարողանա զորք ուղարկել Ուկրաինա: Ինչպես գիտեք, երբ խոսքը վերաբերում է Լեհաստանի աջակցությանը, կարծում եմ, որ այս հարցը լուծված է։ Լեհաստանը կաջակցի Ուկրաինային, ինչպես դա արել է մինչ այժմ՝ կազմակերպչական՝ մեր ֆինանսական հնարավորությունների շրջանակներում: Ինչ վերաբերում է հումանիտար եւ ռազմական օգնությանը, մենք չենք նախատեսում լեհ զինվորականներ ուղարկել Ուկրաինա»,- ասել է Տուսկը։

Բացի այդ, վարչապետը նշել է, որ Լեհաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը անվտանգության ոլորտում Եվրամիության, նրա դաշնակիցների, ԱՄՆ-ի հետ։

Ելիսեյան պալատում այսօր նախատեսված գագաթնաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի և Իսպանիայի առաջնորդները, ինչպես նաև Դանիայի վարչապետը, որը հանդիպմանը կներկայացնի Բալթյան և Սկանդինավյան երկրները։ Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նմանատիպ