Դոնալդ Թրամփը նամակ է հրապարակել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որում տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 30% մաքսատուրք կսահմանի ԵՄ ապրանքների վրա

19:32, 12.07.2025

ԱՄՆ-ն Եվրամիության համար կսահմանի 30% մաքսատուրք, որը կմտնի ուժի մեջ 2025 թվականի օգոստոսի 1-ից, – այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում։

Դոնալդ Թրամփը հրապարակել է նամակ, որը հասցեագրված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։

«Ինձ համար մեծ պատիվ է ուղարկել այս նամակը, քանի որ այն ցույց է տալիս մեր առևտրային հարաբերությունների ուժը, նվիրվածությունն ու այն փաստը, որ Միացյալ Նահանգները համաձայնել է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ, չնայած որ ունենք ձեր հետ ամենամեծ առևտրային դեֆիցիտներից մեկը։ Մենք տարիներ շարունակ քննարկել ենք առևտրային հարաբերությունները Եվրամիության հետ և եզրակացրել ենք, որ պետք է ազատվենք այս երկարաժամկետ, մեծ և կայուն առևտրային դեֆիցիտից, որն առաջացել է ձեր մաքսատուրքերի և առևտրային խոչընդոտների պատճառով։ Ցավոք, մեր հարաբերությունները հեռու են հավասարությունից։ 2025 թվականի օգոստոսի 1-ից Եվրամիությունից Միացյալ Նահանգներ արտահանվող ապրանքների վրա կսահմանվի 30%-անոց մաքսատուրք։ Խնդրում եմ հաշվի առնել, որ այդ 30%-ը շատ ավելի քիչ է, քան անհրաժեշտ է առևտրային դեֆիցիտի անհավասարությունը վերացնելու համար։ Գիտեք, մաքսատուրք չի սահմանվի, եթե Եվրամիությունը կամ ԵՄ ընկերությունները որոշեն արտադրանքն արտադրել կամ հավաքել ԱՄՆ-ում։ Մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի արագ, պրոֆեսիոնալ և առօրյա ընթացակարգերով տանք անհրաժեշտ թույլտվությունները, այսինքն՝ մի քանի շաբաթվա ընթացքում», – ասվում է Դոնալդ Թրամփի կողմից Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված նամակում, որը հրապարակել է ԱՄՆ նախագահը։

Բացի այդ, Թրամփն իր նամակում գրել է, որ եթե Եվրամիությունը որոշի կիրառել պատասխան քայլեր և բարձրացնել մաքսատուրքերը, այդ չափը կավելացվի արդեն սահմանված 30%-ին։

«Անհամբեր սպասում ենք ձեզ հետ համագործակցությանը առաջիկա տարիներին։ Եթե ցանկանում եք բացել մինչ այժմ փակ շուկաները Միացյալ Նահանգների համար, վերացնել ձեր մաքսային քաղաքականությունը և առևտրային խոչընդոտները, հնարավոր է վերանայենք այս նամակը։ Այս մաքսատուրքերը կարող են փոփոխվել, բարձրացվել կամ նվազեցվել՝ մեր հարաբերություններից ելնելով։ Դուք երբեք հիասթափված չեք մնա Միացյալ Նահանգներից», – գրել է Դոնալդ Թրամփը։

Նշենք, որ հայտնի է դարձել՝ Թրամփը նույն 30%-անոց մաքսատուրքերը սահմանում է նաև Մեքսիկայի նկատմամբ։

Նմանատիպ