Դոնալդ Թրամփը կոչ է արել արաբական երկրներին ընդունել Գազայից պաղեստինցի փախստականներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արաբական երկրներին կոչ է անում ընդունել պաղեստինցի փախստականներին Գազայի հատվածից։ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որ Եգիպտոսը, Հորդանանը և արաբական այլ երկրներ ավելի շատ պաղեստինցի փախստականներ ընդունեն Գազայի հատվածից։
Նա ասել է, որ այդ առաջարկն արդեն քննարկել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի հետ հեռախոսազրույցում, իսկ հունվարի 26-ին ծրագրում է այդ հարցը քննարկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հետ։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը գովել է Հորդանանի թագավորին այն բանի համար, որ իր երկիրն արդեն ընդունել է բազմաթիվ պաղեստինցի փախստականների։
«Ինչ-որ բան պետք է տեղի ունենա, ինչ-որ բան պետք է փոխվի, դա հիմնականում ավերածությունների վայր է, գրեթե ամեն ինչ ավերված է, և մարդիկ մահանում են», – ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ասել է, որ այս իրավիճակում ինքը կնախընտրի աշխատել արաբական որոշ երկրների հետ՝ Գազայի հատվածից դուրս պաղեստինցի փախստականների համար բնակարաններ կառուցելու համար, «որտեղ նրանք կարող են խաղաղ ապրել»։