Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինը, Վոլոդիմիր Զելենսկին և Ջո Բայդենը պատասխանատու են Ուկրաինայի պատերազմի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի համար պատասխանատու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։ Թրամփը հայտարարությունն արել է Սպիտակ տանը Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպման ժամանակ։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ իր նախագահության տարիներին «Պուտինը երբեք նույնիսկ չի մտածել Ուկրաինայի հետ պատերազմելու մասին»։ ԱՄՆ նախագահը բացատրում է, որ Ջո Բայդենը կարող էր դադարեցնել պատերազմը՝ «նավթի գները իջեցնելով», սակայն, ըստ Թրամփի, նա դա չի արել։
«Ի՞նչ անենք հիմա։ Մենք ունենք մի երկիր, որը կորցրել է իր տարածքի 25 տոկոսը և լավագույն վայրերը, որտեղ միլիոնավոր մարդիկ են մահացել… Սա Բայդենի պատերազմն էր, և ես փորձում եմ դադարեցնել այն», – ասաց Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ջո Բայդենը և Վոլոդիմիր Զելենսկին կարող էին կանգնեցնել պատերազմը, բայց Վլադիմիր Պուտինը չպետք է սկսեր այն։
«Բոլորը մեղավոր են։ Պուտինը՝ առաջինը։ Բայդենը, ով պատկերացում անգամ չուներ, թե ինչ է անում՝ երկրորդը։ Զելենսկին։ Ես միայն կարող եմ փորձել դադարեցնել դա։ Ես ուզում եմ դադարեցնել սպանությունները։ Կարծում եմ՝ մենք լավ աշխատանք ենք կատարում այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ շատ շուտով դուք շատ լավ առաջարկներ կունենաք։ Ես չեմ ասում, որ որևէ մեկը հրեշտակ է, բայց կասեմ ձեզ, որ ես նախագահ եմ եղել չորս տարի, և այս հարցը երբեք էլ չի բարձրացվել», – ասաց Թրամփը։
Երբ լրագրողը հարցրեց, թե արդյոք նա խոսել է նախագահ Զելենսկիի հետ Patriot հրթիռային համակարգի գնման մասին, Թրամփը պատասխանեց. «Չգիտեմ, նա միշտ փորձում է հրթիռներ գնել։ Երբ դու պատերազմ ես սկսում, պետք է իմանաս, որ կարող ես հաղթել պատերազմում, այնպես չէ՞։ Դու պատերազմ չես սկսում քեզանից 20 անգամ մեծ մեկի դեմ և հետո հույս ունես, որ ինչ-որ մեկը քեզ հրթիռներ կտա»։