Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի հետ կապված տարբերակները ենթադրում են կա՛մ մեծ ռազմական էսկալացիա, կա՛մ համաձայնագիր. «Ես չեմ նախընտրում ռմբակոծությունների վերսկսումը, բայց դա տարբերակներից մեկն է»
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի հետ կապված տարբերակները ենթադրում են կա՛մ մեծ ռազմական էսկալացիա, կա՛մ համաձայնագիր. «Ես չեմ նախընտրում ռմբակոծությունների վերսկսումը, բայց դա տարբերակներից մեկն է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ դժգոհ է Իրանի վերջին առաջարկից։

«Նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել։ Ես դրանից գոհ չեմ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Ինչպես գրում է «Սի-Էն-Էն»-ը, Թրամփը չի հստակեցրել, թե Իրանի վերջին փաստաթղթում ինչն է իր համար անընդունելի և ակնարկել է, որ Թեհրանի պաշտոնյաները, հնարավոր է, երբեք չհասնեն պատերազմի բանակցային ճանապարհով կարգավորմանը։

ԱՄՆ նախագահը խոսել է նաև Իրանի ղեկավարության միջև առկա տարաձայնությունների մասին։

«Նրանք առաջ են շարժվել, բայց վստահ չեմ՝ արդյոք երբևէ կհասնեն նպատակին։ Ղեկավարությունը շատ մասնատված է։ Այն ունի երկու կամ երեք խումբ, գուցե չորս, և դա շատ անկապակցված ղեկավարություն է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ նրանք բոլորն էլ ցանկանում են համաձայնություն, բայց նրանք բոլորը խառնաշփոթի մեջ են»,- նշել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ կապված իր տարբերակները ներառում են կամ մեծ ռազմական էսկալացիա, կամ համաձայնագրի կնքում։

«Կան տարբերակներ։ Մենք ուզում ենք պարզապես ոչնչացնել նրանց, հավերժ ոչնչացնել, թե՞ ուզում ենք փորձել համաձայնագիր կնքել։ Սրանք են տարբերակները»,- ասել է Թրամփը և հաստատել, որ երեկ երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից թարմացված տեղեկատվություն է ստացել ռազմական տարբերակների վերաբերյալ։

ԱՄՆ նախագահն ասել է, որ ինքը չի նախընտրում ռմբակոծությունների վերսկսումը։

«Մարդկային տեսանկյունից ես դա չեմ նախընտրում, բայց դա տարբերակ է. ուզում ենք այնտեղ ուժեղ մտնել և պարզապես ոչնչացնել նրանց, թե՞ ուզում ենք ինչ-որ բան անել»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ դժգոհ է քրդական խմբավորումների գործողություններից, որոնք չեն կարողացել ամերիկյան զենքը հասցնել իրանցի ցուցարարներին։

«Քրդերը չկարողացան նրանց զենք մատակարարել։ Ես դրանից գոհ չեմ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ փոքր քանակությամբ զենք այնուամենայնիվ ուղարկվել է, սակայն թե որտեղ է այն հիմա՝ հայտնի չէ։

Լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփն ընդգծել է նաև Ամերիկայի ռազմական պոտենցիալը։

«Մենք հսկայական պաշարներ ունենք ամբողջ աշխարհում։ Հիմա այն կրկնապատկվել է այն ամենի համեմատ, ինչ ունեինք այս հակամարտության սկզբում»,- հայտარարել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, Դոնալდ Թրամփը քննադատել է իր նախորդին՝ Ջո Բայդենին, Ուկրաինային զենք մատակարարելու համար։