Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զենքն արդեն ուղարկվում է Ուկրաինա

10:23, 16.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ զենքն արդեն ուղարկվում է Ուկրաինա։ Թրամփի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները գնում են ամերիկյան զենք, այդ թվում՝ Patriot հրթիռներ, որպեսզի այդ զենքը փոխանցեն Ուկրաինա։

«Դրանք արդեն ուղարկվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, իսկ հետո Գերմանիան դրանք փոխարինում է իր պաշարներում։ Բոլոր դեպքերում, Միացյալ Նահանգները լիովին կփոխհատուցվի։ Այսպիսով, ինչպես գիտեք, տեղի ունեցողը հիմնականում Եվրամիության գործն է։ ՆԱՏՕ-ն մեզ կվճարի ամեն ինչի համար։ Որոշ դեպքերում Եվրամիության երկրները մեզ ուղղակիորեն կվճարեն։ Այսպիսով, մեր կողմից որևէ ներդրում չի լինի։ Մենք գումարը կվերադարձնենք», – լրագրողների հետ զրույցում ասել է Դոնալդ Թրամփը։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամերիկացի զինվորները չեն լինի Ուկրաինայում. «Մենք շաբաթական 5-6 հազար զինվոր ենք դուրս բերում։ Նրանք ռուսներ և ուկրաինացիներ են։ Նրանք ամերիկացի զինվորներ չեն։ Մենք զինվորներ չենք ուղարկի», – ասել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ, լրագրողը Դոնալդ Թրամփին հարցրել է, թե արդյոք նա մտահոգված է, որ ռուս նավթի գնորդների համար երկրորդային մաքսատուրքերը կվնասեն ամերիկացի սպառողներին։ Ամերիկայի նախագահը պատասխանեց. «Ես այդպես չեմ կարծում։ Կարծում եմ՝ ի վերջո ամեն ինչ կանցնի։ Պուտինը ասում է, որ խաղաղություն է ուզում, բայց այս պահին նա դա չի անում»։

Ըստ Թրամփի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հայտարարումից ի վեր ինքը չի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նմանատիպ