Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 27-ը ճիշտ վերջնաժամկետն է Ուկրաինայի համար ԱՄՆ-ի առաջարկած «խաղաղության ծրագրի» շուրջ համաձայնության գալու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային ժամանակ է տվել մինչև նոյեմբերի 27-ը՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող «խաղաղության ծրագիրն» ընդունելու համար։
Fox News-ի փոդքասթի հաղորդավարը հարցրել է Թրամփին, թե արդյոք հաջորդ հինգշաբթին է Ուկրաինայի համար ԱՄՆ-ի «խաղաղության ծրագիրն» ընդունելու վերջնաժամկետը։
«Ես շատ վերջնաժամկետներ ունեի, բայց եթե ամեն ինչ լավ ընթանա, դրանք սովորաբար շարունակվում են։ Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ հինգշաբթին ճիշտ վերջնաժամկետն է», – պատասխանել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը մերժել է հաղորդավարի մտահոգությունները «խաղաղության ծրագրի» վերաբերյալ, մասնավորապես՝ Ռուսաստանին տարածքներ զիջելու անհրաժեշտության վերաբերյալ։
«Նրանք արդեն իսկ կորցնում են իրենց դիրքերը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նրանք (Ուկրաինան և Ռուսաստանը – խմբ.) կորցրել են ընդհանուր առմամբ 25,000 մարդ։ 25,000 մարդ։ Սա վերահսկողությունից դուրս է։ Սա սպանդանոց է», – ասել է Թրամփը։
Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ Ռուսաստանը կարող է ապագայում սպառնալ Բալթյան երկրներին կամ Եվրոպայի այլ մասերին, Թրամփը նշել է, որ «նրանց [Ռուսաստանին] կկանգնեցնեն»։
«Նրանք չեն փնտրում ավելի շատ պատերազմ», – ասել է ԱՄՆ նախագահը։
Ինչպես գիտեք, երեկ լրատվամիջոցները հաղորդեցին Դոնալդ Թրամփի «խաղաղության ծրագրի» մասին՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու համար: Թրամփի «խաղաղության ծրագրի» համաձայն՝ «Ռուսաստանը չի ներխուժի հարևան երկրներ, ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի, Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը կճանաչվեն որպես փաստացի ռուսական շրջաններ»: ԱՄՆ-ն պահանջում է, որ Ուկրաինան համաձայնվի ծրագրին մինչև նոյեմբերի 27-ը։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ «Ուկրաինան կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել՝ կամ իր արժանապատվությունը, իր գլխավոր գործընկերոջը կորցնելու ռիսկը, դժվար 28 կետերը, կամ չափազանց դժվար ձմեռը»: