Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի պողպատի և ալյումինի ներկրման համար

11:37, 10.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պողպատի և ալյումինի ներկրման համար նոր՝ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին։

«Պողպատի համար, որոնք ներկրվելու են Միացյալ նահանգներ կլինի 25 տոկոսանոց սակագին»,- ասել է Թրամփը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք դա կվերաբերի նաև Կանադային և Մեքսիկային, Թրամփը դրական արձագանքեց։

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ առաջիկա օրերին կհայտարարի նաեւ երկկողմ մաքսատուրքերի մասին, որոնք ուժի մեջ կմտնեն գրեթե անմիջապես։

«Դա շատ պարզ է՝ եթե նրանք մեզ հարկեն, մենք կհարկենք նրանց»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով երկկողմանի սակագնային պլանը։

Իր առաջին պաշտոնավարման ընթացքում Թրամփը 25% մաքսատուրքեր սահմանեց պողպատի և 10% ալյումինի համար, սակայն ավելի ուշ քվոտաներ շնորհեց մի քանի առևտրային գործընկերների, այդ թվում՝ Կանադային, Մեքսիկային և Բրազիլիային, որոնց շրջանակներում այդ երկրների համար պողպատն ու ալյումինը չէր հարկվում։ Նախկին նախագահ Ջո Բայդենը այս քվոտաները տարածել է Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Եվրամիության վրա:

Կառավարության և Ամերիկյան երկաթի և պողպատի ինստիտուտի տվյալների համաձայն՝ ԱՄՆ պողպատի ներմուծման ամենամեծ աղբյուրները Կանադան, Բրազիլիան և Մեքսիկան են, որին հաջորդում են Հարավային Կորեան և Վիետնամը:

Նմանատիպ