Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկատարի իր սպառնալիքը՝ փետրվարի 1-ից սկսած լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով ութ եվրոպական երկրների նկատմամբ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 100 տոկոսով կկատարի իր սպառնալիքը՝ փետրվարի 1-ից սկսած Գրենլանդիայի համար ութ եվրոպական երկրների նկատմամբ լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին։
NBC News-ին տված կարճ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վրա։
«Անկեղծ ասած, դուք տեսնում եք, թե ինչ է դա արել նրանց հետ։ Դրա վրա պետք է կենտրոնանա Եվրոպան, այլ ոչ թե Գրենլանդիան», – հավելել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև մերժել է Նորվեգիայի վարչապետի այն բացատրությունը, որ իր կառավարությունը ազդեցություն չունի Նոբելյան խաղաղության մրցանակի ստացողի վրա։
«Նորվեգիան լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ, անկախ նրանից, թե ինչ են ասում։ Նրանք սիրում են ասել, որ դրա հետ կապ չունեն, բայց ամեն ինչ կապ ունեն դրա հետ։ Ինձ համար միևնույն է Նոբելյան մրցանակը», – ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ։