Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը զգալիորեն կրճատել է ռուսական նավթի ներմուծումը, այդ իսկ պատճառով նա նախատեսում է իջեցնել դրա վրա դրված մաքսատուրքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է նվազեցնել Հնդկաստանի համար սահմանված մաքսատուրքերը, քանի որ, ըստ նրա, երկիրը զգալիորեն կրճատել է ռուսական նավթի ներմուծումը։
Թրամփն այս մասին խոսել է ԱՄՆ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանի երդմնակալության արարողության ընթացքում։
«Նրանք դադարեցրել են գնումները և զգալիորեն նվազեցրել ներմուծումը։ Դրա համար, այո, մենք նախատեսում ենք մաքսատուրքերի նվազեցում», – նշել է Թրամփը։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ չափի նվազեցման մասին է խոսքը։ Թրամփը հավելել է, որ մաքսային փոփոխությունները կիրականացվեն «որոշակի պահին»։
Ներկայում ԱՄՆ-ն Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանել է մինչև 50% մաքսատուրք։ Թրամփը նախկինում այդ ցուցանիշը բարձրացրել էր 25%-ից մինչև 50%՝ ռուսական նավթի գնումների և առկա առևտրային տարաձայնությունների ֆոնին՝ ընդգծելով, որ նավթից ստացված եկամուտները ֆինանսավորում են պատերազմը։
Նախագահի դիրքորոշման փոփոխությունը կապված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հայտարարության հետ, որը հայտարարել էր, որ այլևս չի գնի ռուսական նավթ։ Թրամփի խոսքով՝ եթե այդ պայմանավորվածությունը չկատարվի, Նյու Դելին «կարևոր» մաքսատուրքերի վճարումը կշարունակի։