Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել Գաղտնի ծառայության կողմից Քամալա Հարիսի պաշտպանությունը
Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել Գաղտնի ծառայության կողմից Քամալա Հարիսի պաշտպանությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քամալա Հարիսին զրկել է գաղտնի ծառայության պաշտպանությունից։ Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն։

Օրենքի համաձայն՝ նախկին փոխնախագահի կարգավիճակով Հարիսը պետք է պահպաներ գաղտնի ծառայության պաշտպանությունը պաշտոնը լքելուց հետո ևս վեց ամիս։

Նրա պետական պաշտպանությունը մեկ տարով երկարաձգել էր Ջո Բայդենը։ Հենց այդ հրամանն է չեղարկել Դոնալդ Թրամփը։

«ԲիԲիՍի»-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը այս քայլն արել է այն ժամանակ, երբ Քամալա Հարիսը սկսում է շրջագայություն՝ ողջ երկրով իր հիշողությունների գրքի ներկայացման նպատակով։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն ու Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը դժգոհություն են հայտնել Թրամփի այս որոշման կապակցությամբ։

«Սա ևս մեկ վրեժխնդրության ակտ է՝ քաղաքական հալածանքների երկար շարքում, ներառյալ պաշտոնանկություններ, անվտանգության թույլտվությունների չեղարկումներ և այլն», – հայտարարել է Բասը։

Նրա խոսքով՝ այս որոշումը սպառնում է Հարիսի անվտանգությանը, և նա անձամբ կհոգա նրա պաշտպանված լինելը Լոս Անջելեսում։

Հիշեցնենք, որ Սպիտակ տուն վերադարձից հետո Թրամփը բազմաթիվ անձանց զրկել է գաղտնի ծառայության պաշտպանությունից, այդ թվում՝ Հանթեր և Էշլի Բայդեններին՝ նախկին նախագահի երեխաներին, և Էնթոնի Ֆաուչիին, որը Ալերգիաների և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենն էր։ Պաշտպանությունից զրկվել են նաև Թրամփի վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու դաշնակիցները, այդ թվում՝ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։