Դոնալդ Թրամփ. Եթե ԱՄՆ-ն գոհ չէ Պուտինի որոշումից, ապա դուք կտեսնեք, թե ինչ-որ բան կպատահի
Եթե ԱՄՆ-ն գոհ չէ Պուտինի որոշումից, ապա դուք կտեսնեք, թե ինչ-որ բան կպատահի,- սա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Լեհաստանի առաջնորդ Կարոլ Նավրոցկու հետ հանդիպման ժամանակ։ Լրագրողները նրան հարցրել են, թե ինչ ուղերձ ունի նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ես ուղերձ չունեմ նախագահ Պուտինին։ Նա գիտի իմ դիրքորոշումը և որոշում կկայացնի։ Ինչ որոշում էլ որ նա կայացնի, ես, մենք կամ գոհ կլինենք, կամ չենք լինի։ Եթե մենք գոհ չլինենք, ապա դուք կտեսնեք, թե ինչ-որ բան կպատահի», – ասել է Թրամփը։
Լեհ լրագրողը նաև հարցրել է Թրամփին, որ ԱՄՆ նախագահը միշտ ասում է, որ դժգոհ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, բայց դա որևէ կոնկրետ քայլի չի հանգեցրել, որին Թրամփը պատասխանել է.
«Դուք ասում եք, որ Հնդկաստանի նկատմամբ երկրորդական պատժամիջոցների կիրառումը անգործություն է: Դա Ռուսաստանին արժենում է հարյուր միլիոնավոր դոլարներ: Դուք սա անգործություն եք անվանում: Ես դեռ երկրորդ և երրորդ փուլերը չեմ արել, բայց երբ դուք ասում եք, որ սա անգործություն է, ապա ավելի լավ է նոր աշխատանք գտնեք: Եթե հիշում եք, ես երկու շաբաթ առաջ ասացի, որ եթե Հնդկաստանը գնի ռուսական նավթ, ապա մեծ խնդիրներ կունենա, և այդպես էլ եղավ», – ասել է Պուտինը:
Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թրամփը կրկին ասել է, որ իր նախորդը՝ նախագահ Ջո Բայդենը, մեղավոր է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի համար:
Ըստ Թրամփի՝ նա կարծում էր, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը հեշտ կլինի, բայց պարզվեց, որ այդպես չէ:
«Պատերազմի ժամանակ երբեք չգիտես, թե ինչ է լինելու: Պատերազմը բարդ է, վտանգավոր և արյունալի քաոս, բայց այսպես թե այնպես, այն կավարտվի: Նրանք պետք է դադարեցնեն մարդկանց սպանելը», – ասել է Թրամփը: