Դոնալդ Թրամփ. Ես ուզում եմ, որ հրադադարը արագ լինի, չգիտեմ՝ այսօր կլինի, թե ոչ, բայց եթե այսօր չլինի, ես ուրախ չեմ լինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով, նա դժգոհ կմնա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում կայանալիք նրանց գագաթնաժողովից հետո չհամաձայնի կրակի դադարեցմանը։
Թրամփը նշել է, որ բանակցություններից առաջ «ոչինչ որոշված չէ», սակայն ցանկանում է հանդիպումից «որոշ արդյունքների» հասնել, այդ թվում՝ կրակի դադարեցման մասին համաձայնության։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը չի գործում որպես եվրոպացիների ներկայացուցիչ, բայց հաշվի է առնում նրանց տեսակետները։
«Ես ուզում եմ, որ կրակի դադարեցումը արագ տեղի ունենա։ Չգիտեմ՝ այսօր կլինի՞, թե ոչ, բայց եթե այսօր չլինի, ես երջանիկ չեմ լինի։ Բոլորը ասում էին, որ դա այսօր անհնար է, բայց ես պարզապես ասում եմ, որ ուզում եմ սպանությունները դադարեցվեն։ Սա կապ չունի Եվրոպայի հետ։ Եվրոպան ինձ չի ասում, թե ինչ անեմ։ Սակայն, ակնհայտ է, որ նրանք Զելենսկու հետ միասին կլինեն այս գործընթացում ներգրավված», – հայտարարել է Դոնալդ Թրամփը ինքնաթիռում։