Դոնալդ Թրամփ. Ես պետք է խոսեմ նախագահ Պուտինի հետ, Զելենսկին ցանկանում է գործարք կնքել, Պուտինը կործանում է Ռուսաստանը՝ գործարք չգնալով, կարծում եմ, որ Ռուսաստանը մեծ դժվարության մեջ է հայտնվելու

11:09, 21.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը «երբեք չպետք է սկսվեր»։

Երբ լրագրողները Դոնալդ Թրամփին հարցրին, թե արդյոք նա առաջին օրը կավարտի պատերազմն Ուկրաինայում, ինչպես խոստացել էր նախընտրական արշավի ժամանակ, Թրամփը կատակով պատասխանեց. «Դեռ ընդամենը կես օր է անցել, ես կես օր ունեմ»: Հարցին, թե ինչպես է նա նախատեսում ավարտել պատերազմը, Թրամփը պատասխանել է. «Մենք կփորձենք հնարավորինս արագ ավարտել այն»:

Օվալաձև աշխատասենյակում գործադիր հրամանների երկրորդ փաթեթը ստորագրելիս Թրամփը խոսել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մասին։

«Ես պետք է խոսեմ նախագահ Պուտինի հետ: Նա չպետք է ուրախանա, գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ Նա կռվում է, բայց մարդկանց մեծամասնությունը կարծում էր, որ պատերազմը կավարտվի մեկ շաբաթից, և այժմ անցել է երեք տարի», – ասել է Դոնալդ Թրամփը:

Նա ասաց, որ սպանվել է մոտ մեկ միլիոն ռուս զինվոր և 700 հազար ուկրաինացի զինվոր: Դոնալդ Թրամփը նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը նույնպես ոչնչացվել է։

«Ռուսաստանն ավելի մեծ է. նրանք կարող են իրենց թույլ տալ ավելի շատ զինվորներ կորցնել, բայց դա երկիրը ղեկավարելու ճանապարհը չէ: Զելենսկին ուզում է գործարք կնքել, ես չգիտեմ՝ Պուտինը ցանկանում է, թե ոչ… Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չգնալով։ Կարծում եմ, որ Ռուսաստանը մեծ դժվարությունների մեջ է հայտնվելու», – ասել է Թրամփը։

Պատասխանելով պատժամիջոցների մասին հարցին՝ ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ «սակագինը ավելի լավ բառ է, քանի որ այն ավելի ուժեղ է դարձնում դոլարը»։ «Ես կարծում եմ, որ սակագները ավելի արդյունավետ են», – ասել է ԱՄՆ նախագահը։

Նմանատիպ