Դոնալդ Թրամփ. Շատ հարցերի շուրջ համաձայնություն կա, մեկ կամ երկուսը բավականին կարևոր հարցեր են, որոնց կարելի է հասնել, բայց դա կախված է նախագահ Զելենսկիից
Դոնալդ Թրամփ. Շատ հարցերի շուրջ համաձայնություն կա, մեկ կամ երկուսը բավականին կարևոր հարցեր են, որոնց կարելի է հասնել, բայց դա կախված է նախագահ Զելենսկիից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնության են եկել, սակայն կա մեկ-երկու կարևոր հարց, որոնց շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։

Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Անկորիջում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո «Ֆոքս Նյուս»-ին տված հարցազրույցում։

«Մենք շատ հարցերի շուրջ համաձայնության եկանք։ Ես նկատի ունեմ՝ շատ հարցեր համաձայնեցված են։ Կա մեկ կամ երկու բավականին կարևոր հարց։ Սակայն կարծում եմ, դրանց հասնել հիմա հնարավոր է։ Դա անելը հիմա իսկապես նախագահ Զելենսկիից է կախված։ Եվ ես նաև կասեի, որ եվրոպական երկրները նույնպես պետք է փոքր-ինչ ներգրավվեն։ Սակայն դա նախագահ Զելենսկիից է կախված։ Եվ եթե նրանք ցանկանան, ես կլինեմ հաջորդ հանդիպմանը։ Նրանք մտադիր են կազմակերպել հանդիպում նախագահ Զելենսկու, նախագահի Պուտինի և իմ միջև։ Ես դա չեմ խնդրել, բայց ցանկանում եմ համոզվել, որ դա կկատարվի։ Շատ լավ հնարավորություն ունենք դա անելու», – հայտարարել է Թրամփը։

«Ֆոքս Նյուս»-ի հաղորդավար Շոն Հենիթին Դոնալդ Թրամփին հարցրեց տարածքների փոխանակման հնարավորության մասին, որի արդյունքում Ռուսաստանը ավելի մեծ տարածք կունենա, ինչպես նաև Ուկրաինայի համար անվտանգության այն միջոցառումների մասին, որոնք ՆԱՏՕ-ի հետ կապված չեն։ ԱՄՆ նախագահը պատասխանեց, որ հենց այդ հարցերի շուրջ են նրանք հիմնականում համաձայնության եկել։

«Կարծում եմ, սա այն հարցերն են, որոնք մենք քննարկեցինք, և սա այն հարցերն են, որոնց շուրջ հիմնականում համաձայնության եկանք», – նշել է նա։

Դոնալդ Թրամփը նաև հայտարարեց, որ անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը։

«Կարծում եմ, մենք բավականին մոտ ենք համաձայնությանը։ Ուկրաինան պետք է դրան համաձայնի, հնարավոր է ասեն՝ ոչ։ Նրանք մեծ ռազմական մեքենայի դեմ են պայքարում։ Կարծում եմ, մենք մոտ ենք համաձայնությանը, բայց ինձ դուր չի գալիս դա ասել։ Երբ ես իսկապես մոտ եմ, միշտ ասում եմ՝ 50/50 է, որովհետև շատ բան կարող է պատահել։ Սակայն կարծում եմ, որ նախագահ Պուտինը ցանկանում է խնդրի լուծում», – ասել է նա։

Դոնալդ Թրամփը նաև Պուտինի հետ ունեցած հանդիպումը «շատ ջերմ» է որակել։

«Սա երկու երկրների միջև շատ ջերմ հանդիպում էր, և շատ լավ է, երբ նրանք միմյանց հասկանում են», – նշել է ԱՄՆ-ի նախագահը։

Հարցին՝ 10-բալանոց սանդղակով ինչ գնահատական կտար Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ այն 10 միավորով կգնահատեր։