Դոնալդ Թրամփ. Պատերազմն իրականում սկսվել է ՆԱՏՕ-ի և Ղրիմի պատճառով
«Պատերազմը իրականում սկսվեց ՆԱՏՕ-ի և Ղրիմի պատճառով․ նրանք ուզում էին վերադարձնել Ղրիմը և առանց մեկ կրակոցի այն ստացան Բարաք Օբամայից։ Դա, հնարավոր է, ամենավատ գործարքն էր, որ երբևէ տեսել եմ», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ Ղրիմը Ուկրաինայի սիրտն է, և Օբաման այն զիջեց։
«Ոչ ոք այս մասին չի խոսում, բայց եթե ես նման բան անեի, կեղծ նորությունները ամեն օր տարիներ շարունակ այդ մասին կգրեին։ Ռուսաստանը եկավ ու վերցրեց այն, ինչպես քաղցրավենիքը երեխայից խլելը։ Դա Օբամայի մեղքն էր, այն սարսափի համար, որը հասցրեց այս երկրին։ Նրանք կորցրին իրենց սիրտն ու հոգին Ուկրաինայում 14 տարի առաջ։ Դրա անհրաժեշտությունը չկար», – ասել է Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ բոլորին պարզ էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար էր, և Ռուսաստանը երբեք դրա հետ չէր համաձայնի։
«Կա ևս մեկ հարց՝ ՆԱՏՕ-ն։ Ավելին, սա դեռ Պուտինից առաջ էր՝ լինի դա Ռուսաստանը թե Խորհրդային Միությունը, ինչ անուն էլ ուզում եք տվեք, դեռ այն ժամանակ եղավ մերժում։ Ռուսաստանն ասել էր, որ չի ցանկանում ունենալ հակառակորդ կամ թշնամի՝ իր սահմանների մոտ։ Բայց ուկրաինացիները գնացին և խնդրեցին ԱՄՆ-ին ընդունել իրենց ՆԱՏՕ-ում։ Բոլորին պարզ էր, որ դա անհնար էր։ Ռուսաստանը երբեք չէր համաձայնի։ Սա Պուտինից շատ առաջ էր, և ընդհանրապես չպետք է նման բան խնդրեին, քանի որ դա շատ վիրավորական էր Ռուսաստանի համար։ Կարելի էր շատ բաներ խնդրել, նաև Ղրիմի վերադարձը, բայց Ղրիմն արդեն զիջվել էր, և դրա զարգացման մեջ մեծ գումարներ էին ներդրվել։ Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ Բարաք Օբաման այն հանձնեց՝ ամենասարսափելի գործարքներից մեկի շրջանակում, որը երբևէ տեսել եմ», – նշել է Թրամփը։