Դոնալդ Թրամփ. Մեզ վրա հատուկ պատասխանատվություն է դրված՝ պահպանել հարգանքի վրա հիմնված երկխոսություն այն հարցերի շուրջ, որոնք ազդում են ոչ միայն մեր ժողովուրդների, այլև ամբողջ մոլորակի վրա
Այսօր միմյանց կողքի նստելով՝ մենք պատմություն ենք կերտում, – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ ինքը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը եռակողմ բանակցություններ անցկացնելով՝ «իսկապես պատմություն են կերտում»։
«Մենք երեքս շատ բան ունենք քննարկելու և, որպես աշխարհի երեք խոշորագույն երկրների նախագահներ, արդեն մի շարք հարցերի շուրջ խորհրդակցել ենք։ Մեզ վրա հատուկ պատասխանատվություն է դրված՝ պահպանել բաց, փոխադարձ հարգանքի վրա հիմնված և արդյունավետ երկխոսություն այն հարցերի շուրջ, որոնք ազդում են ոչ միայն մեր ժողովուրդների, այլև ամբողջ մոլորակի վրա», – հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը քննադատել է նախկին առաջնորդներին այն բանի համար, որ նրանք խուսափում էին բանակցել այն երկրների հետ, «որոնց հետ տարաձայնություններ ունեին»։
«Մենք հակառակ մոտեցումն ունենք։ Ոչ մի խնդիր երբևէ չի լուծվել հին մոտեցմամբ՝ դրանց մասին խոսելուց հրաժարվելով», – նշել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այս «պատմական գագաթնաժողովը» ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին հնարավորություն է տալիս «գտնել նոր հնարավորություններ և մոտեցումներ» մի շարք «շատ կարևոր հարցեր» լուծելու համար։
«Այս սենյակում գտնվող յուրաքանչյուր մարդ գիտի և հուսով է, որ մենք կստեղծենք ավելի լավ ապագա բոլորիս համար։ Աշխարհի երեք խոշորագույն միջուկային տերությունները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը, բացառիկ հնարավորություն ունեն քննարկելու, թե ինչպես կարելի է նվազեցնել միջուկային զենքի քանակը Երկրի վրա», – նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ միջուկային զինաթափումն ու միջազգային համագործակցությունը կարևոր են, սակայն նաև նշում է, որ միջուկային զենքից հրաժարվելը «շատ դժվար է»։ Թրամփն անդրադարձել է նաև Ուկրաինայի պատերազմի հարցին և հայտարարել, որ այդ թեմայով ինքն ու Պուտինն այսօր՝ ավելի վաղ, «երկարատև զրույց» են ունեցել։