Դոնալդ Թրամփ. Մենք ունենք ծրագիր, խաղաղության ուղի, Զելենսկին ստիպված կլինի համաձայնել դրան
«Ինչ-որ պահի Զելենսկին ստիպված կլինի ինչ-որ բան ընդունել», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հարցերին պատասխանելիս Օվալաձև աշխատասենյակում, որտեղ նա հանդիպում էր Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանիի հետ։
Հարցերից մի քանի տասնյակը վերաբերում էին ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած ծրագրին, որը նպատակ ունի կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում։
«Մենք ունենք ծրագիր։ Սարսափելի է այն, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Սա երբեք չպետք է տեղի ունենար, և չէր էլ լինի, եթե ես լինեի նախագահ։ Սա ամոթ է։ Նրանք պետք է ավելի արագ գործեին, բայց հիմա ցուրտ ձմեռ է, և հարձակումներ են իրականացվում խոշոր էներգետիկ օբյեկտների վրա։ Մենք ունենք խաղաղություն հաստատելու ուղի։ Զելենսկին ստիպված կլինի ընդունել դա։ Դա շատ ցավալի է։ Միայն անցած ամսվա ընթացքում զոհվել է 25 000 զինծառայող։ Այսպիսի բան չենք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Միջինում երկու կողմում միասին զոհվում է 6-7 հազար զինվոր։ Կարծում եմ՝ մենք մոտենում ենք ավարտին, սակայն կանխատեսումներ անել չեմ ուզում», – ասել է Թրամփը։
Երբ ԱՄՆ նախագահին հարցրել են Զելենսկու առջև կանգնած ընտրության մասին, Թրամփը պատասխանել է.
«Ինչ-որ պահի նա ստիպված կլինի ինչ-որ բան ընդունել»։
Նա շարունակել է.
«Դուք նկատի ունեք, թե Զելենսկուն դուր չի գալիս առաջարկը՞։ Պետք է դուր գա։ Իսկ եթե ոչ՝ ուրեմն, հավանաբար, ուղղակի պետք է շարունակեն պատերազմը։ Ինչ-որ պահի նա ստիպված կլինի ինչ-որ բան ընդունել։ Հիշեք՝ Օվալաձև գրասենյակում, ոչ այնքան վաղ անցյալում, ես ասացի. “Դու ձեռքիդ հաղթաթուղթ չունես”», – ասել է Թրամփը։